Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2013թ. ԻՏԱԼԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑՆ ԱՇՏԱՐԱԿ | Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ, շարունակում է <Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում> ծրագիրը (www.ulisses.am): Ծրագրի շրջանակներում Եվրոպական երկրների քաղաքների հետ համագործակցության օրակարգում աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին սոցիալական, իրավական և տեղեկատվական օժանդակության, հայրենիքի հետ կապի գործուն ու վստահելի մեխանիզմների մշտական և ներդրման հարցերը բարձրացնելու, այդ համագործակցության շրջանակներում քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներուժը ներգրավելու նպատակով 2013թ. նոյեմբերի 16-ից 19-ը Իտալիայի Հանրապետության Պուլիայի մարզի, Լեչեյի նահանգի Նարդո քաղաք էր մեկնել հայկական պատվիրակություն՝ Աշտարակի և Գյումրու փոխքաղաքապետերի, ՀՀ ՏԿՆ Տարածքային կառավարման և զարգացման վարչության պետի, <Արմավիրի զարգացման կենտրոն> ՀԿ նախագահի և <Մարդկային զարգացման միջազգային կենտրոն> ՀԿ գործադիր տնօրենի մասնակցությամբ: Այցի ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ Նարդոյի քաղաքապետարանի, Լեչեյի նահանգային և Պուլիայի մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վերականգնել Նարդո և Գյումրի քաղաքների միջև 2009թ. մեկնարկած քույրացման գործընթացը՝ դրա շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն դարձնելով միգրանտների իրավունքների և նրանց ինտեգրման ու սոցիալական օժանդակության տրամադրման, դրանում քաղհասարակության և զարգացման միջազգային գործընկերների հնարավորությունների ներգրավելու խնդիրներին, ինչպես նաև նոր համագործակցության հիմքերը դնել Աշտարակ քաղաքի հետ: 2013թ. դեկտեմբերի 10-ին Աշտարակի քաղաքապետարանում Արմեն Անտոնյանը հյուրընկալեց Նարդո քաղաքի պատվիրակության փոխադարձ այցով Հայաստան ժամանած պատվիրակությանը` Նարդոյի քաղաքապետ Մարչելո Ռիզիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Նարդոյի քաղաքապետարանի Միգրացիոն քաղաքականության հանձնաժողովի անդամ Սերջիո Վալիոն և Նարդոյի քաղաքապետարանի Միգրացիոն քաղաքականության հանձնաժողովի անդամ Սերջիո Օրլանդոն: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու քաղաքների միջհամայնքային համագործակցության զարգացման հեռանկարներն ու դրանցում միգրանտներին օժանդակության խնդիրները ներառելու հնարավորությունները: Իտալական պատվիրակությունը քաղաքապետի ուղեկցությամբ եղավ նաև Աշտարակի գինիների գործարանում: Լուսանկարները տեղադրված են քաղաքապետարանի ֆեյսբուկյան էջում: www.facebook.com/pages/Աշտարակի-քաղաքապետարան/630011120349282
|
|
|