Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
15․07․2025թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի տեղակալ՝ Վարուժան Վարդանյանի զեկուցագիրն՝ կից արձանագրությամբ այն մասին, որ Աշտարակ քաղաքի Փարպի բնակավայրի Դ․ Տեր Մկրտչյան փողոց N 3 հասցեում, համաձայն կադաստրային քարտեզի 02-110-0019-0028 ծածկագրով անշարժ գույքի սեփականատեր Սենիկ Ժորայի Հայկազունին իր տնամերձ հողամասում առանց քաղաքաշինական փաստաթղթերի կատարել է կառուցապատման աշխատանքներ, կառուցել է օժանդակ շինության նկուղային հարկ։ Իրավախախտման առթիվ 17․07․2025թ․ հարուցվել է թիվ 1869-Ա վարչական վարույթը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Սենիկ Հայկազունին ծանուցվել է 06․08․2025թ․ կայանալիք վարչական վարույթի լսումների վայրի, օրվա և ժամի կապակցությամբ և ներկա գտնվել վարչական վարութի լսմանը՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և վարույթին վերաբերելի փաստաթղթեր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 17․07․2025թ․ թիվ 1869-Ա վարչական վարույթի շրջանակներում գործի լիարժեք քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու՝ 15․08․2025թ․ թիվ 2134-Ա որոշումով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներով վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 10 օրով, այնուհետև 25․08․2025թ․ թիվ 2208-Ա որոշմամբ նույն հիմքով ևս մեկ անգամ է երկարաձգվել վարչական վարույթի ժամկետը և վերջնաժամկետ սահմանվել՝ 03․09․2025թ․։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ լրանում է վարչական վարույթի ժամկետը և Սենիկ Հայկազունու կողմից թույլ տրված իրավախախտումը չի վերացվել, ուստի հիմք ընդունելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի տեղակալի կողմից 15․07․2025թ․ ներկայացված զեկուցագիրը և արձանագրությանը, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված թիվ 1869-Ա <<Վարչական վարույթ հարուցելու մասին>> որոշումը, բացահայտված համարելով գործի հանգամանքները, ընդհանրացնելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․ Աշտարակ քաղաքի Փարպի բնակավայրի Դ․ Տեր Մկրտչյան փողոց N 3 հասցեում, համաձայն կադաստրային քարտեզի 02-110-0019-0028 ծածկագրով անշարժ գույքի սեփականատեր Սենիկ Ժորայի Հայկազունին իր տնամերձ հողամասում առանց քաղաքաշինական փաստաթղթերի կատարել է կառուցապատման աշխատանքներ, կառուցել է օժանդակ շինության նկուղային հարկ՝ խախտելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։
Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները․
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը, որպես պարտադիր լիազորություն, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։ Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը։ Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ Կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։ Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ն մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Նույն հոդվածի 1․1 մասի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի աոաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով, 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետով, 23-րդ հոդվածի 1-ին մասով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին, 1․1 մասերով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ Սենիկ Ժորայի Հայկազունու նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ 100․000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արարք կատարելու համար /նշված գումարը փոխանցել Աշտարակի համայնքապետարանի 900445101638 հաշվեհամարին/։
2․ Սենիկ Ժորայի Հայկազունուն տեղեկացնել այն մասին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո շարունակելու դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով /ՀՀ ՎԻՎՕ 154-րդ 4-րդ մաս/։ Միաժամանակ առաջարկել 02-110-0019-0028 ծածկագրով հողամասը բերել նախկին տեսքի և նախազգուշացնել այն մասին, որ Աշտարակի համայնքապետարանը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի պարտավորեցման հայցով դիմելու դատարան ինքնակամ կառուցված շինությունը քանդելու /ապամոնտաժելու/ համար։
3․ Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Աշտարակ համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5․ Որոշումն ուժի մեջ է մտնում Սենիկ Ժորայի Հայկազունուն իրազեկելու հաջորդ օրվանից։