Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
04․09․2025թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ՝ Նվեր Մուրադյանի զեկուցագիրն՝ կից արձանագրությամբ այն մասին, որ Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի, 30-րդ փողոց 3-րդ փակուղի 4 հողամաս հասցեի, համաձայն կադաստրային քարտեզի 02-108-0094-0011 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող գույքի կազմում Թորոս Մանվելի Ռեզյանի կողմից ինքնակամ կատարվել են ինքնակամ կառուցապատման աշխատանքներ, մասնավորապես կառուցել է պատ, տանիք, շենքի ներսում կառուցել է սանհանգույց, ինչպես նաև շենքի ճակատային մասում կառուցել է ծածկոց։ Կատարված իրավախախտման կապակցությամբ 2025թ հունիսի սեպտեմբերի 05-ին հարուցվել է թիվ 2336-Ա վարչական վարույթը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025թ․ սեպտեմբերի 17-ին նշանակվել է վարչական վարույթի լսում, որին պատշաճ կերպով ծանուցված լինելով հանդերձ Թորոս Ռեզյանը ներկայացել է անձը հաստատող փաստաթղթով։ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի հիմքով՝ վարչական վարույթի շրջանակներում էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով՝ 06․10․2025թ․ թիվ 2561-Ա որոշումով վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 10 օրով և վերջնաժամկետ սահմանվել՝ 15․10․2025թ․։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
Հիմք ընդունելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի կողմից 04․09․2025թ․ ներկայացված զեկուցագիրը՝ կից արձանագրությամբ, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված թիվ 2336-Ա <<Վարչական վարույթ հարուցելու մասին>> որոշումը և հաստատված համարելով գործի հանգամանքները, ընդհանրացնելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․ Թորոս Մանվելի Ռեզյանը՝ Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի, 30-րդ փողոց 3-րդ փակուղի 4 հողամաս հասցեի, համաձայն կադաստրային քարտեզի 02-108-0094-0011 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող գույքի կազմում ինքնակամ կատարել է ինքնակամ կառուցապատման աշխատանքներ, մասնավորապես կառուցել է պատ, տանիք, շենքի ներսում կառուցել է սանհանգույց, ինչպես նաև շենքի ճակատային մասում կառուցել է ծածկոց, խախտելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, այն է՝ - 1-ին մաս՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ -առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով: -3-րդ մաս՝ Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները․
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը, որպես պարտադիր լիազորություն, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։ Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը։ Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ Կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։ Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Նույն հոդվածի 1․1 մասի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի աոաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով, Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին, 1․1 մասերով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ Թորոս Մանվելի Ռեզյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ 2․000․000 /երկու միլիոն/ ՀՀ դրամի չափով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արարք կատարելու համար։
Վերը նշված գումարը փոխանցել Աշտարակի համայնքապետարանի 900445101638 /այլ մուտքեր/ հաշվեհամարին։
2․ Երկամսյա ժամկետում Թորոս Մանվելի Ռեզյանին առաջարկել վերացնել թույլ տված իրավախախտումը, մասնավորապես՝ քանդել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի կազմում կառուցված՝ պատը, տանիքը, շենքի ներսում կառուցված միջնորմերով սանհանգույցը, ինչպես նաև շենքի ճակատային մասում կառուցված ծածկոցը։
3․ Թորոս Մանվելի Ռեզյանին նախազգուշացնել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետում նախատեսված պահանջները չկատարելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ։
4․ Սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում Թորոս Մանվելի Ռեզյանի կողմից նույն կետով նախատեսված պահանջները չկատարելու դեպքում՝ քանդել Թորոս Մանվելի Ռեզյանի կողմից առանց համապատասխան թույլտվության կառուցված՝ պատը, տանիքը, շենքի ներսում կառուցված միջնորմերով սանհանգույցը, ինչպես նաև շենքի ճակատային մասում կառուցված ծածկոցը։
5․ Ընդունել ի գիտություն, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո շարունակելու դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով /ՀՀ ՎԻՎՕ 154-րդ 4-րդ մաս/:
6․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետին՝ սույն որոշման համաձայն, Աշտարակի համայնքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում վերը նշված վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը /<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս/։
7․ Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
8․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Աշտարակ համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9․ Որոշումն ուժի մեջ է մտնում Թորոս Մանվելի Ռեզյանին իրազեկելու հաջորդ օրվանից։