11․08․2025թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել <<Ա․Ա․Բ․ Պրոեկտ>> ՍՊԸ-ի կողմից Աշտարակ համայնքի ղեկավարին ներկայացրած վերադասության կարգով բողոքը՝ Աշտարակ համայնքի ղեկավարի 14․07․2025թ․ <<Ա․Ա․Բ․ Պրոեկտ ՍՊԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու և համայնքային, պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու մասին>> թիվ 1848-Ա որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
Բողոքի մերժման իրավական հիմնավուրումները և փաստերը․
Վերադասության կարգով Աշտարակ համայնքի ղեկավարին բերված բողոքով բողոքաբերը բարձրացրել է հետևյալ հարցերը․
1․ Համայնքի ղեկավարը որևէ լիազորություն չուներ վիճարկվող որոշումը կայացնելու համար, քանի որ բետոնախառնիչ հանգույցը փաստացի գտնվում է օտարված պետական սեփականություն հանդիսացող թիվ 02-008-01031-0012 ծածկագրով հողամասի վրա, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունները տարածվում են միայն համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի համասերի վրա։ Մինչդեռ, համաձայն <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի <<Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով>>։ Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է <<Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով>>, իսկ 3-րդ մասով սահմանվում է՝ << Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով>>: Համաձայն <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 2191 հոդվածի․ <<․․․․․Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 137.9-րդ, 154-րդ, 154.1-րդ, 156.1-րդ, 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը>>։ Վերոշարադրյալ իրավական կարգավորումներից հետևում է, որ տեղական ինքնակառավարման մարմնին՝ տվյալ դեպքում Աշտարակի համայնքապետարանին՝ համաձայն <<Վարչական իրավախախտումների մասին>> ՀՀ օրենսգրքի 2191 հոդվածի՝ վերապահված է քննել 154-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։ Այսինքն՝ պետությանը պատկանող հողամասերի վրա 154-րդ հոդվածով սահմանված զանցանք կատարելու համար օրենքով սահմանված կարգով տեղական ինքանկառավարման մարմնին է վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու պարտականությունը, հետևաբար բողոքաբերի վերը նշված փաստարկը անհիմն է և չի բխում օրենքից։
2․ Բողոքաբերն իր բողոքում նշում է, որ շինարարությունը իրականացվել է օրենքով սահմանված կարգով շինարարության թույլտվության համաձայն, ինչպես նաև բետոնախառնիչի կայանը տեղադրվել է պատվիրատուի ինժեների հրահանգավորման հիման վրա, որի կողմից կայացված որոշումները գերակա են և պարտադիր են կապալառուի համար, ինչպես նաև նշում է՝ պատվիրատուի ինժեների կողմից 24․03․2023թ, թույլտվությունը, համաձայն, որի շինարարական աշխատանքները իրականացնելու համար տրվել է թույլտվություն տեղադրելու բետոնախառնիչ հանգույց։
<<ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվություններ և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի մասին>> ՀՀ Կառավարության 19․03․2015թ․ թիվ 596-Ն որոշման համաձայն՝ <<․․․․ 17) շինարարության (տեղադրման) թույլտվություն՝ փաստաթուղթ, որը հաստատում է կառուցապատողի՝ ինչպես նոր կառուցապատման նպատակով սահմանված կարգով տրամադրված հողամասում, այնպես էլ՝ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու կամ ոչ հիմնական շինություն տեղադրելու իրավունքը. 18) ոչ հիմնական շինություններ՝ առևտրի, սպասարկման, կենցաղային և այլ նպատակներով օգտագործվող շինություններ, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական գործընթացներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին կամ այդ շինությանը.․․․>>։ Համաձայն նույն որոշման II-րդ գլխի՝ <<․․․ 3) իրավասու մարմին՝ կառուցապատման նպատակով թույլտվություններ և այլ փաստաթղթեր տրամադրող այն համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում՝ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև վարչական շրջանի ղեկավարը), որի ղեկավարած տարածքի վարչական սահմաններում է գտնվում կառուցապատվող անշարժ գույքը (հողամաս, շենք, շինություն). և VI-րդ գլխի <<․․․․․ 105. Ոչ հիմնական օբյեկտների համար իրավասու մարմնի կողմից տրվում է տեղադրման թույլտվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան․․․>>:
Վերոշարադրյալից հետևում է, որ բետոնախառնիչ հանգույց տեղադրելու համար հարկավոր է առաջին հերթին տեղադրաման թույլտվություն ստանալ, որը բացառապես տրամադրվում է համայնքի ղեկավարի կողմից, իսկ բողոքաբերի մատնանշած շինարարության թույլտվությունը չի հանդիսանում տեղադրման թույլտվություն։ Ինչ վերաբերվում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածին բողոքաբերի հղմանը, ապա տվյալ պարագայում առկա չէ որևէ հակասություն ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենքների նորմերի միջև, քանի որ բողոքաբերի փաստարկներում չկա մատնանշված այնպիսի միջազգային պայմանագիր, որը հակասի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի ղեկավարից տեղադրման թույլտվություն ստանալուն։
Վարչական մարմինը գտնում է, որ բողոքաբերի մատնանշած հանգամանքները անհիմն են, չեն բխում օրենքից և հիշյալ պատճառաբանություններով ու հիմնավորումներով առաջադրված բողոքը բավարարման ենթակա չէ, ուստի հիմք ընդունելով վերոշարադրյալը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի աոաջին մասի 26-րդ կետով և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 293-րդ հոդվածի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ <<Ա․Ա․Բ․ Պրոեկտ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված վերադասության կարգով բողոքը մերժել։
2․ Որոշումը ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրվանից։
3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով ՀՀ վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։